ԲԼՈԳ

Ճամփորդի՛ր Արարատի հետ

31.08.22

Արարատ Հունանյանը սովորել է ԵՊՀ Պատմության ֆակուլտետում: 2017թ.-ին մասնակցել է ONE WAY TRAINING-ի  կազմակերպած Զբոսավարների պատրաստման դասընթացին և մինչ օրս ONE WAY TOUR տուրիստական ընկերությունում աշխատում է որպես զբոսավար:

 

Իմ մանկության գույները մեր երկրի մշակույթի, բնաշխարհի գույնն ունեն՝ վառ ու բազմերանգ: Մեծացել եմ Հայաստանի գյուղերից մեկում։ Այդ տարիները անհոգ, մանկական խաղերով ու անվերջ կռիվներով տարիներ էին: Դրանք իմ կյանքի թերևս ամենասիրուն ու հիշարժան տարիներն էին։

Իմ սիրելի գրքի հերոսները իմ «ուսուցիչներն» են եղել։ Գիրքը ֆրանսիացի գրող Ժյուլ Վեռնի «Խորհրդավոր կղզի» արկածային վեպն է: Հերոսների անկոտրուն կամքը, անելանելի իրավիճակներում կողմնորոշվելն ինձ համար օրինակ են եղել կյանքի տարբեր փուլերում  չկոտրվելու և առաջ գնալու համար:

Ես իսկապես հավատում եմ, որ ինչքան էներգիայով լի ես, սիրում ես կյանքը, գնում առաջ, այնքան կյանքը փոխհատուցում է քեզ։ Ու քանի դեռ ապրում ենք, հնարավորություն ունենք ավելի լավը դառնալու։

Երբեմն ինձ թվում է,  որ պատմությունը ճշգրիտ գիտություններից մեկն է։ Հաճախ պատմությունը անցյալի խորքից մաթեմատիկական ճշգրիտ բանաձևով հուշում է սպասվող ապագան, տալիս ներկայի դեպքերի ընթացքի նկարագիրը։ Եվ հաճախ կարծես ուղղակի տարեթվերն ու մարդկանց անուններն է տարբեր, իսկ երևույթները, գործողությունները նույնն են։

Բնությունը ամենաստեղծագործ ուժն է: Անցեք Հայաստանի ճամփեքով և կհամոզվեք, կտեսնեք բնության ստեղծած անձեռակերտ քանդակները, բազմագույն կտավները։ Եվ, իհարկե, բնությունը հանգստի ու ոգեշնչման աղբյուր է։ Որքան գիտնականներ են իրենց բացահայտումներն արել՝ բնությունից ոգեշնչված, որքան արվեստագետների կտավներ են ծնվել հենց բնությունից: Օրինակ, Թումանյանը իր «Փարվանա» պոեմի նախերգանքը գրել է Ջավախքի բնաշխարհից՝  Փարվանա լճից ոգեշնչված,  հենց Վահան Տերյանի տանը։

Զբոսավարության մեջ ինձ գրավեց առաջին հերթին Հայաստանը բացահայտելու, ճանաչելու, ուսումնասիրելու հնարավորությունը։

Նոր մարդիկ, նոր մշակույթները հետաքրքիր և ուսուցանող են: Աշխատանքում մենք շատ ենք շփվում տարբեր մշակույթ կրող մարդկանց հետ։ Ես ամեն անգամ նոր մարդկանց հետ ծանոթանալով՝ փորձում եմ ինձ համար քաղել նոր բաներ, իմանալ ավելին։

Ես սիրում եմ իմ երկիրը։ Այս երկիրը չսիրել չի կարելի։ Երկրի, ժողովրդի հանդեպ սերը նաև ինձ ուղղորդեց իմ մասնագիտության ընտրության հարցում։ Եվ հավատացե՛ք, այդ սերը օր-օրի ավելանում է։ Ինչքան շատ  ճանաչենք, ուսումնասիրենք մեր Հայաստանը, այնքան ավելի կսիրենք մեր երկրի ամեն անկյունը:

Պետք չէ հանձնվել, որովհետև քանի ապրում ենք, միշտ կա հնարավորություն ավելի լավը դառնալու։ Պիտի միշտ առաջ նայել, քեզ շրջապատող աշխարհն ավելի լավը դարձնելու համար: Իսկ դրա համար պիտի աշխատել, պայքարել։ Իմ կյանքում եղել են դժվար պահեր, անելանելի իրավիճակներ, բայց այդ ամենից դուրս գալու միակ ելքը պայքարելն ու  չընկճվելն է:

Չգիտեմ, ով կլինեի, եթե չլինեի այն, ինչ հիմա կամ, իմ արժեհամակարգով, իմ մասնագիտությամբ, իմ ընկերներով, իմ ձեռքբերումներով ու բացթողումներով:  Ես երջանիկ եմ ինձ շրջապատող մարդկանցով:  Ես սիրում եմ կյանքը ` իր բոլոր գույներով:

Մի իմաստուն միտք եմ կարդացել, որ հայրենասիրությունը սկսվում է հայրենաճանաչությունից։ Ես և իմ զբոսավար  ընկերները սիրով կսպասենք Ձեզ մեր ճամփորդություններին, կշրջենք միասին մեր չքնաղ հայրենիքով, ավելի լավ կճանաչենք ու կսիրենք մեր երկիրը։

Եթե ես ձեզ ասեմ որ, աշխատելով զբոսավարության ոլորտում շուրջ հինգը տարի,  դեռ շատ վայրեր ունեմ բացահայտելու Հայաստանում, հավատացե՛ք՝ այդպես է։ Հաճախ զբոսաշրջիկները զարմանում են, որ իրենց ասում եմ՝  Հայաստանում դեռ այնքան վանքեր ու բերդեր կան, որ չեմ տեսել։ Այնպես որ մի քանի տարվա զբոսավար լինելը,  դեռ չի նշանակում ամբողջ Հայաստանը տեսնել։ Դրա համար, եկե՛ք, ճամփորդե՛ք, ժամանակ մի՛ կորցրեք սեփական երկիրը ճանաչելու համար։