ԲԼՈԳ

Ճամփորդի’ր Լիլիթի հետ

29.08.22

Լիլիթ Ալեքսանյանը սովորել է Վ. Բրյուսովի անվ. լեզվահասարակագիտական համալսարանում ՝ լեզվաբանության, միջմշակութային հաղորդակցության ֆակուլտետի տուրիզմի բաժնում: Լիլիթը ONE WAY TRAINING-ի լավագույն ուսանողներից է և 2018թ-ից մինչ օրս աշխատում է ONE WAY TOUR տուրիստական ընկերությունում՝ որպես հայախոս-անգլախոս զբոսավար:

Ես ապրում եմ մի աշխարհում, որտեղ ազնվությունը բարձրագույն արժեք է, նվիրվածությունը՝ ապրելակերպ, սերն ու կարեկցանքը՝ անկեղծության դրսեւորում, իսկ մեծամտությունը՝ արատ։

Ինձ միշտ թվացել է, որ գազով լցված փուչիկները մինչեւ տիեզերք հասնում են ու թափառում տիեզերքում։ Շատ հաճախ ես ու եղբայրս մեր ստացած փուչիկները բաց էինք թողնում երկինք. նայու՜մ էինք, մինչեւ դրանք կորչում էին տեսադաշտից ու հավատում էինք, որ փուչիկները հասնում են տիեզերք: Մի մանկական պատկերացում եւս ունեի. կարծում էի, որ փափուկ խաղալիքները նեղանում են, երբ իրենց չես գրկում քնելիս։ Ու, որպեսզի ոչ մի խաղալիք չնեղանա,ես բոլորին գրկած էի քնում:

Ուսանողության տարիներին զղջում եմ, որ շատ ժամանակ չկարողացա տրամադրել իտալերենն ավելի խորությամբ ուսումնասիրելու համար։ Ըստ իս, այն ամենաերգեցիկներից է եւ ամենագրավիչն այն է, որ խոսելիս անհնար է ձեռքի ժեստերով չհամեմել խոսքը։ Ցավոք հիմա՝ parlo Italiano, ma un po։

Ինձ զարմացնում են հռետորական հարցերը, որոնք մեր ազգին են վերաբերում. «էս ազգը ե՞րբ պիտի սովորի…», «էս ազգը խի՞ չի դադարում…», «էս ազգը ո՞նց չի հասկանում…» եւ բազմաթիվ այլ հարցեր: Մարդի՜կ, ազգի մասին խոսելիս պետք է զգույշ լինել։ Ազգն ավելին է, քան մեր օրերում ապրող մարդիկ. քան մեկը, ով աղբ է նետում, մեկը, ով անտեսում է օրենքը կամ խախտում հասարակական կարգը,մեկը, ով դավաճանում է….: Այս արատավոր երեւույթները քննադատելիս են միայն ազգին հիշում։ Ինչու՞։ Ով է հայ ազգը, կարծում եմ յուրաքանչյուրը ինքը պետք է բացահայտի….

Մասնագիտության հանդեպ սերը ծնվել է շատ պատահական: Իմ ամենասիրելի վայրերից էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի մե՜ծ պարտեզը, ուր հաճախ էի շրջում մայրիկիս հետ: Մի օր էլ հանդիպեցի զբոսաշրջիկների մեծ խմբի: Զբոսավարը Էներգիայով լեցուն մի կին էր, ում գեղեցիկ կեցվածքը եւ խելացի հայացքը ինձ միանգամից գրավեցին: Նա խոսում էր տաճարի անվան ծագումնաբանությունից, բացառիկ զարդաքանդակներից ու որմնանկարներից: Միայն իր ժառանգությունը իրապես ճանաչող մեկը կարող էր այդքան տպավորիչ խոսել: Այս դիպվածն էր, որ վճռորոշ եղավ իմ մասնագիտության ընտրության հարցում։

Հայրենիքի անկյունները ուզում են, որ մենք նրանց գրկենք, ջերմացնենք մեր սիրով, ուզում են, որ իրենց զավակները հաճախ լինեն իրենց մոտ…

Ինչ երազանք կպահեի. որ մարդը ավելի ներդաշնակ լինի ինքն իր ու իրեն շրջապատող աշխարհի հետ։

Ես կարծում էի՝ զբոսավարի աշխատանքը անվերջ ինքնակրթություն պահանջող աշխատանքներից է եւ չէի սխալվում:

Հրաշալի բան է ճամփորդելը: Մարկ Տվենն է ասել. «Ճամփորդությունը ճակատագրական է նախապաշարմունքների, մոլեռանդության և նեղմտության համար, և հենց այս պատճառով է, որ մեզանից շատերին դա խիստ անհրաժեշտ է»։
Եվ իսկապես, ամեն հաջորդ ճամփորդության հետ մենք ավելի ենք լայնացնում մեր աշխարհայացքը, մտահորիզոնը, ավելի կարեկցող ու հանդուրժող ենք դառնում:

Այն ամենը, ինչի մասին ես պատմում եմ իմ զբոսաշրջիկներին,
համեմված է իմ սիրով առ իմ Հայաստան:

Մարդկության պատմությունը կրկնվող ցիկլ է, որտեղ հաջողում են այն հասարակությունները, որոնք ունեն ամուր հիմք հզոր կրթության եւ հզոր գիտության տեսքով:

Ես դեռ փնտրում եմ ինքս ինձ: