ԲԼՈԳ

Ճամփորդի՛ր Մանուշի հետ

15.10.22

Մանուշ Մովսիսյանը ավարտել է ՀՊՄՀ Պատմության և հասարակագիտության ֆակուլտետը: Երկար տարիներ աշխատել է հեռուստատեսության ոլորտում: 2022թ.-ին մասնակցել է ONE WAY TRAINING-ի Զբոսավարների պատրաստման դասընթացին, այժմ աշխատում է ONE WAY TOUR տուրիստական ընկերությունում որպես զբոսավար:

Իմ մանկության ամեն վայրկյանը լի է գունապնակի բոլոր երանգներով՝ ամենագորշից մինչև ամենավառ: Ես այն սերնդից եմ, ում մանկության մի մասն են կազմում՝ Արցախյան առաջին պատերազմը, 1988-ի երկրաշարժը, վառարանով դասասենյակը, մոմի լույսի ներքո ընթերցված գրքերը, բայց միևնույն ժամանակ բակային անհոգ խաղերն ու դասընկերներով հավաքույթները:

Եթե սիրում ես ուրեմն անմնացորդ, ուրեմն անձնվիրաբար, ուրեմն անշահախնդիր, դա կլինի հայրենիքիդ, կողակցիդ, ընտանիքիդ, ծնողիդ թե մտերիմներիդ հանդեպ: Երջանիկ է այն մարդը, ով սիրել գիտի:

Մի արա ոչինչ հենց այնպես, քանի որ հաստատ չի ստացվի: Յուրաքանչյուր քայլիդ մեջ պիտի սեր լինի, նվիրում ու ձգտում: Սա է հաջողության հասնելու իմ բանաձևը:

Հեռուստատեսությունն ու տեսախցիկը չէին թողնում, որ ես երկար ժամանակ անցկացնեի ընտանիքիս, երեխաներիս հետ ու ստիպված եղա ընտրություն կատարել: Այդ օրերից հիմա միայն ջերմ հիշողություններն ու լավ ընկերներն են մնացել, բայց լրագրության աշխարհ ես այլևս չվերադարձա: Երևի առաքելությունս զբոսավար դառնալն էր:

Այն ինչ պահանջում է հայրենիքը, դա անդավաճան սերն ու նվիրումն է, երբեմն նաև զրկանքների և զոհողությունների գնով: Այնքա՜ն սեր, ջերմություն և միաժամանակ ցավ ու պայքար կա իմ հայրենիքում: Չկա աշխարհում որևէ թանկ ու տաք անկյուն, որը երբևէ կփոխարինի իմ հայրենիքին:

Ես պատասխանատու եմ իմ մասնագիտության ընտրության համար որպես զբոսավար, որովհետև այն ինձ համար աշխարհի ամենահետաքրքիր, ամենասիրելի, ամենապատասխանատու, ամենաակտիվ և ամենազգացմունքային մասնագիտություններից է: Դու պետք է կարողանաս անմոռանալի օր պարգևել յուրաքանչյուր զբոսաշրջիկի, փոխանցել հետաքրքիր տեղեկություններ, հասկանալ նրանց հոգեվիճակը, տալ սեր, ջերմություն: Զբոսավարությունը ինձ համար սեր է, կյանք և ապրելակերպ:

Մենք քայլում ենք ժամանակի հետևից, այնինչ պետք է քայլել համընթաց: Ինչպես նշում է Կաբալայի միջազգային ինստիտուտի հիմնադիր Միխայիլ Լայթմանը <<Մենք վազում ենք ապագայի ետևից, այդպես էլ չհասցնելով վայելել ներկան>>:

Ինձ հետաքրքիր է, թե ինչու մարդը հնարավորություն չունի ծնվել երկրորդ անգամ ու ապրել այդ անգամն իր պատկերացրած ձևով:

Ես սիրում եմ խոսել ինձ հուզող, հետաքրքրող, անհանգստացնող հարցերի մասին: Երբեմն մի փոքր շատախոս եմ, (դե դա մասնագիտական է), բայց փորձում եմ չափը չանցնել:

Զբոսաշրջիկները շատ հաճախ հարցնում են ՝ << վայ իսկապես այսքան մեծ երեխաներ ունեք, <<բա ինչու՞ եք շուտ ամուսնացե>>: Շուտ չեմ ամուսնացել, պարզապես կյանքը գիտի, որ ես դեռ շատ նպատակներ ու անելիքներ ունեմ, դրա համար ինձ միշտ երիտասարդ է պահում, որ ամեն ինչ հասցնեմ:

Եթե ես կարողանայի հայրենիքիս վերջապես խաղաղություն կբերեի, կսրբեի որդուն սպասող մոր արցունքները և նրանց զավակներին տուն կվերադարձնեի:

Երջանիկ մարդկանց համար կյանքը հիասքանչ է, արևը՝ ջերմացնող, անձրևը՝ ռոմանտիկ, ձյունը՝ հեքիաթային, տանը՝ իրենց սպասող մայրական քնքշանք, սիրելիի գգվանք, զավակների անհոգ քրքիջ: