ԲԼՈԳ

Ճամփորդի՛ր Մարգարիտայի հետ

08.09.22

Իմ հայրենի բնակավայրի առաջին հիշողությունը մեծ այգին էր, իր շատ բարձր թվացող ծառերով, բակում անհոգ խաղացող երեխաներով, երբ մանկական միամտությամբ նայում էի երկնքին հասկանալու համար, թե ամպերը ուր են վազում։ Երբ մեծացա,նոր հասկացա, որ այգին մեծ չէր ,ծառերը հեչ էլ բարձր չէին,ամպերն էլ վազում էին,որովհետև երկիրը պտտվում է Արեգակի և իր առանցքի շուրջ։

Կյանքը շարունակվում է, իսկ ձախողումները գալիս են հիշեցնելու, որ ինչ-որ տեղ “դասդ” լավ չես սովորել , իսկ կյանքն իրոք շարունակվում է և պետք է ապրել հանուն նոր  բարի գաղափարների:

Երբեմն ես պատասխաններ եմ գտնում, երբ հավատում եմ, երբ աղոթում եմ, երբ վստահում եմ Աստծուն. այդ պատասխանները գալիս են հանկարծակի։

Դպրոցը չի թողնում, որ առավոտյան երկար քնես😅, իսկ եթե ավելի լուրջ, չի թողնում՝ նույն տեղում մնաս, սովորեցնելուց առաջ պետք է անընդհատ սովորել։ Դպրոցը արժեհամակարգ և առողջ հասարակություն ստեղծող կառույց է և նման է բնության, եթե շարժում չկա ,ջուրը նույն տեղում է, մնալով ճահիճ է դառնում։ Պետք է գիտակից լինել, մենք` մանկավարժներս,  հայ մարդ և հասարակություն ստեղծող առաջին օղակն  ենք։

Երբ աշակերտներս ինձ հարցնում են՝ ինչպե՞ս կարելի է այդքան բարդ պատմական տերմինները, իրադարձությունները հիշել, տալիս եմ մի պատասխան՝ պատմությունը դաժան ուսուցիչ է, չիմանալու դեպքում պատժում է նորից կրկնվելու հատկությամբ, իսկ սովորելու համար փորձեք գլխից հանել` չեմ կարող , չեմ ուզում ու չ֊ով սկսվող բառերը, դա մեծերին էլ չէր խանգարի 😊

Շատ հաճախ ես լսում եմ և հետո նոր հետևություններ անում, ի դեպ լսել սովորելը ամենաբարդ խնդիրներից մեկն է։

Բառը, որ բնութագրում է հայրենիքը, բառը՞, իրականում երեքն են `ազգ, պայքար, պատմություն։

Ես լավատես եմ, ավելի շատ իրատես եմ և հավատում եմ, որ մտքերը ուղիղ հաղորդակցվում են տիեզերքի հետ և իրականանում, եթե կյանքդ վատ է գնում, մտքերդ պետք է փոխես։

Ես երազող եմ. hեչ էլ երազող չեմ 😅 (բան ու գործ չունեմ` նստեմ երազեմ, ես նպատակ դնող և հասնող եմ)😅

Ամենաուժեղ բանը կյանքում հենց ինքը կյանքն է և հավատ առ Աստված։

Այնքան լավ է լինել այսօր, այստեղ և այս պահին, նաև ապրել այսօրը, այս պահը և այստեղը։

Հայաստանս պատկերող ամենասիրելի լուսանկարը կասեմ Արագած լեռան պատկերը: