ԲԼՈԳ

Ճամփորդի՛ր Նելլիի հետ

31.10.22

Նելլի Գեղամյանն ավարտել է ՀՊՄՀ Լեզվաբանության ֆակուլտետի ռուսաց լեզվի ու գրականության բաժինը: Դասավանդում է ռուսաց լեզու Խ.Աբովյանի անվ. թիվ 2 դպրոցում: 2022թ-ից աշախատում է ONE WAY TOUR տուրիստական ընկերությունում որպես զբոսավար՝ ավարտելով Զբոսավարների պատրաստման դասընթացը:

Եթե հնարավոր լիներ հետ բերել մանկության րոպեները, գոնե մեկ դրվագ. այնտեղ ամեն ինչ այնքան խաղաղ էր, անհոգ, այնքան սիրով ու ջերմությամբ էր բուրում մեր տունը: Մայրիկիս ներկայությամբ է լցված ամբողջ անցյալս: Աննկարագրելի է այն կարոտը, որ զգում եմ անցյալի նկատմամբ:

Ես սխալներ թույլ եմ տալիս, որպեսզի հաջորդ քայլս ավելի վստահ անեմ: Կար ժամանակ` շատ էի ընկճվում ամեն անհաջողության համար, բայց հիմա շատ բան է փոխվել, ամեն ոչ ճիշտ քայլս համարում եմ ևս մեկ փորձ ու շարունակում եմ շարժվել առաջ: Եվ իհարկե, փառք Աստծո, ճակատագրական սխալներ չեմ արել:

Այսօր հպարտանում եմ մի քանի կարևոր ձեռքբերումներով: Վայելում եմ հարազատներիս ու ընկերներիս սերը, հարգանքը, վստահությունը, հպարտանում եմ յուրաքանչյուր մասնագիտությանս մեջ ունեցած հաջողություններով, որոնցից են աշակերտներիս գոհ ու երջանիկ հայացքները: Երկրորդ մասնագիտությանս մեջ հպարտանում եմ նրանով, որ ինձ հետ ճամփորդելիս իմ զբոսաշրջիկները լցված են վստահությամբ իմ հանդեպ: Սրանք այն արժեքներն են, որոնք փողով չափելի չեն:

Մանկավարժության լավագույն կողմը երեխաների հետ ամենօրյա շփումն է: Դպրոցում օտար լեզու եմ դասավանդում, բայց ամեն դասին առիթը բաց չեմ թողնում խոսել հայրենասիրությունից, բարության դրսևորումներից, իսկ նրանց փայլող աչքերը ստիպում են ապրել ու սիրել ինքդ քեզ ու մասնագիտությունդ: Մանկավարժությունը համարում եմ մեր ապագայի հիմքը:

Ես այսքան մոտ չեմ եղել հայրենիքիս, որքան այսօր: Հանգամանքներից ելնելով՝ հայրենիքս սկսեցի ճանաչել պատանեկության տարիներից, քանի որ մինչ այդ մեծացել եմ օտար երկրում: Սկսեցի փոքր քայլերով ճանաչել մեր երկիրը՝ շատ վայրեր այցելելով և համոզվելով նրանում, որ մեր երկիրն է աշխարհի ամենաջերմ անկյունը մեզ համար: Իսկ ONE WAY TOUR ընկերությունում աշխատելով որպես զբոսավար՝ հնարավորություն ունեցա զինվել հայրենիքիս մասին նոր գիտելիքներով ու առավել սիրով, ոգևորությամբ ու վստահությամբ պատմել երկրիս մասին: Չեմ պատկերացնում կյանքս ուրիշ այլ հողի վրա:

Երբեմն շատ հարցեր ինձ անհանգստացնում են: Ուզում եմ հասկանալ՝ երբ են ավարտվելու պատերազմներն ամբողջ աշխարհի: Ինձ հետաքրքիր է թե ինչու՞ են մարդիկ վերջին ժամանակներս այսքան անտարբեր, չարացած, ինչու՞ են քիչ ժպտում:

Կյանքի արժեքներն են ինձ համար սեփական անձի հոգևոր աճ, զարգացում, անդադար ինքնակրթություն, դիմացինին օգնելու պատրաստակամություն, պատասխանատվության զգացում, սեր դեպի ամեն դրականն ու գեղեցիկը:

Ես հիանում եմ Հայաստանի այսքան փոքրիկ ու այսքան ուժեղ լինելով: Բռի մեջ է տեղավորվում, բայց այնքան վեհություն, գեղեցկություն, ուժ ունի: Մի պահ, կարծես ծերուկ լինի, ով պաշտպանում է քեզ իր քար ու սարերով, մեկ-մեկ էլ նման է փոքրիկի, ով ունի մեր օգնության ու պաշտպանության կարիքը:

Մի անգամ մեկն ինձ ասեց, որ մայրիկիս շատ նման եմ: Ընդունեցի որպես կյանքումս լսած ամենահաճելի հաճոյախոսություն:

Իմ կյանքի բոլոր իրադարձությունները խորը հետք են թողել ինձ վրա, բայց ուրախ եմ, որ բոլոր դրական իրադարձություններն ինձ ավելի երջանիկ են դարձրել, իսկ բացասականները՝ չեն չարացրել:

Եթե իսկապես սիրում ես, դու համբերատար ես, ավելի ներող, ավելի բարի ու հոգատար, և վերջապես՝ ավելի հմայիչ ես: Ու կապ չունի, թե սերն ում է ուղղված՝ կյանքին, հայրենիքին, սիրած մարդուն, ընտանիքին, թե ընկերներին: Ես այն երջանիկներից եմ, որ վայելում եմ այդ սերերը:

Կյանքի ինչ-որ մի պահի հասկացել եմ, որ չպետք է համակերպվեմ շուրջս տիրող անտարբերության ու բացասականի հետ, այլ փորձեմ մոլորակի ինձ բաժին ընկած հատվածը «բարեկարգել» դրական էմոցիաներով: Այդ ժամանակ երբեմն ինձ զգում եմ օվկիանոսում մի կաթիլ, բայց գիտակցում եմ, որ եթե մենք իրար վարակենք դրական մի հատկանիշով, հնարավոր կլինի հասնել երանելի արդյունքի: