Ճամփորդի’ր Նվարդի հետ
23.08.22Նվարդ Քեչեջյանը սովորել է ԵՊՀ Հայ բանասիրության ֆակուլտետում, այնուհետև ուսումը շարունակել ԵՊԿ վոկալ-տեսական ֆակուլտետի Ակադեմիական երգեցողության բաժնում: 2018 թ.-ին մասնակցել է ONE WAY TRAINING-ի Զբոսավարների պատրաստման դասընթացին և մինչ օրս աշխատում է ONE WAY TOUR տուրիստական ընկերությունում որպես հայախոս զբոսավար՝ զարգացնելով Գյումրու ուղղությունը:
Ես որ փոքր էի, գիտեի, թե շունն ու կատուն իրար մարդ ու կին են :))
Ընտրեցի բանասիրությունը, բայց ինչպես կյանքը ցույց տվեց, երաժշտությունն արդեն վաղուց ընտրել էր ինձ։ Երբ Աստված մեկին փոքր շնորհ է տալիս, դրանով իսկ որոշում է նրա առաքելությունը կյանքում, և որպեսզի շնորհը կրողը չկարողանա խուսափել Աստծո կամքը կատարելուց, այդ շնորհի հանդեպ ավելի մեծ սեր է տալիս, քան աշխարհում որևէ այլ բանի։
Իմ աշխատանքում ես ամենից շատ գնահատում եմ սիրելիներիս ցուցակի՝ օր օրի ավելացող երկարությունը:)) Զբոսավարությունը շատ բան է սովորեցնում մարդուն՝ հնարամտություն, ճկունություն, հանդուրժողականություն, համբերատարություն, բայց ամենաարժեքավոր բանը, որ ձեռք եմ բերել ու շարունակում եմ ձեռք բերել, այն թանկ մարդիկ են, որոնց ճանաչելը ապրելն ավելի հաճելի է դարձնում։
Օրվա ամենահաճելի պահը օրվա ապրումները, այդ օրվանից ստացածն ու նրան տվածը դաշնամուրի հետ կիսելու պահն է։
Իմ կարդացած գրքերը լսածս երաժշտության հետ միասին արժեհամակարգիս ձևավորողն ու դրա լավագույն դաստիարակն են եղել։
Գյումրին աշխարհի կենտրոնն է։ Աշխարհինը՝ չգիտեմ, բայց իմ սրտի կենտրոնը հաստատ ինքն է։ Պատահական չէ, որ մեր ժողովուրդը նրան Հայր քաղաք է անվանել։ Հայրը սերմն է, մայրը՝ հողը։ Հողի մեջ որ խնձորի սերմ գցես, խնձորի ծառ կաճի, տանձի սերմ գցես, տանձի ծառ կաճի։ Երկուսն էլ հավասարաչափ կարևոր են։ Լավ սերմը լավ հողում լավ պտուղ է տալիս։ Լավն ես, վատն ես, հողից է կախված, իսկ այ թե ով ես, ինչ ես՝ սերմից է։
Ինձ թվում է, որ աշխարհն ավելի լավը կլիներ,եթե մենք ավելի հաճախ հիշեինք նրա Արարչին։ Այդ հիշեցման պահը գալու է անպայման, գալու է աննկատ, առանց զգուշացնելու, ուրեմն՝ ապրենք այնպես, որ ճակատագրական այդ պահին ամաչելու քիչ բան ունենանք, որովհետև այն ինչ ցանել ենք երկրի վրա, հնձելու ենք երկնքում։
Զբոսաշրջիկները տարբեր են լինում։ Ամեն մեկն իր հետ բերում է տարբեր երևույթների հանդեպ ունեցած իր վերաբերմունքը, սակայն տուրի ղեկը զբոսավարի ձեռքում է, ինչպես երգչախմբինը՝ խմբավարի։ Ու ինչպես ամեն մի խմբավար, հաշվի առնելով իր երգիչների տեխնիկական հնարավորությունները, խառնելով նրանց ձայնային երանգները, ստանում է երգչախմբի՝ իր ցանկացած գույնը, նույնպես և ամեն մի փորձառու զբոսավար, հաշվի առնելով օրվա խմբի յուրահատկությունները, ձևավորում է օրվա տուրի՝ իր ցանկացած պատկերը։
Ես հաճախ եմ ժպտում, որ մնացածների մուննաթի տեղը փակեմ:))
Վերջերս կարդացի. «Եթե դուք գտնեք մեկին, որը չի նվիրում ձեզ այն ժպիտը, որին դուք արժանի եք, նվիրեք ձերը, որովհետև ոչ-ոք դրա կարիքը չունի ավելի, քան նա, ով չի կարողանում փոխանցել այն ուրիշներին»։ Խելոք մարդկանց մտքերից միշտ օգտվել է պետք։
Չկա ավելի կարևոր բան, քան աշխարհին սիրո աչքերով նայելը։
Զարմանալի բան է ճամփորդությունը, ինչքան բան ես փորձում բացահայտել, այնքան բան է ավելանում։