ԲԼՈԳ

Ի՞նչ գործառույթներ ունեն տուրիզմի ոլորտի մենեջերները

Ի՞նչ գործառույթներ ունեն տուրիզմի ոլորտի մենեջերները

09.11.19

Ընկերության կողմից մատուցվող ծառայությունների գրագետ ներկայացումը շատ հաճախ սկսվում է տուրիստական գրասենյակից, այլ ոչ կայքից կամ «սարաֆանի էֆեկտով»: Գրասենյակում է, որ առերես, հեռախոսով կամ նամակագրությամբ հյուրերին առաջարկվում են խմբակային կամ անհատական տուրեր, բազմաթիվ տուր - փաթեթներ, հյուրանոցային սենյակների, բնակարանների ամրագրում, մեքենայի վարձույթ և այլ ծառայություններ: Եվ կախված, թե դեպի ուր և ում են առաջարկում ծառայություններ ընկերության տվյալ բաժինները, վերջիններս լինում են ներգնա, ներքին և արտագնա: Այս հոդվածում ներկայացնելու ենք յուրաքանչյուր բաժնի գործառույթները, ինչը, հուսով ենք, կօգնի հետագայում տուրիզմի ոլորտում մասնագիտության կամ մասնագիտացման ընտրության հարցում:

Ինչ գործառույթներ ունեն տուրիզմի ոլորտի մենեջերները
Ինչ գործառույթներ ունեն տուրիզմի ոլորտի մենեջերները

Ներգնա տուր մենեջեր

Ներգնա տուր մենեջերի գլխավոր գործառույթն է ներկայացնել երկիրը արտասահմանյան հյուրերին. մեր պարագայում՝ Հայաստանը օտարերկրյա հյուրերին: Հյուրերի հետ կապը կարող է լինել նամակագրության տեսքով, հեռախոսով կամ առերես: Եվ քանի որ ներգնա տուր մենեջերն առընչվում է արտասահմանյան հյուրերի հետ, օտար լեզի (ավելի ցանկալի է լեզուների) իմացությունը պարտադիր է: Կան ընկերություններ, որտեղ ներգնա տուր մենեջերներն աշխատում են կոնկրետ երկների հետ կամ կոնկրետ լեզվով: Օրինակ՝ չինական, կորեական, ֆրանսիական, իտալական, գերմանական շուկաների հետ աշխատող ներգնա տուր մենեջերները կարող են իմանալ համապատասխան երկրի լեզուն և դա գործատուի համար լիովին բավարար լինի: Սակայն, եթե չկա հստակ բաշխվածություն, Հայաստանում որպես ներգնա տուր մենեջեր աշխատելու համար անհրաժեշտ է անգլերենի և ռուսերենի իմացություն: Լեզվից բացի պարտադիր պայման է Հայաստանի քարտեզի իմացությունը, որպեսզի կարճ ժամանակով այցելած հյուրերին կարողանաք մաքսիմալ շատ տեսարժան վայրեր ցույց տալ գրագետ և խելամտորեն կազմած տուր-փաթեթի շրջանակում: Չմոռանանք նաև միջմշակութային գիտելիքների մասին, լինի դա կրոնից բխող սննդամթերքի տաբու, ժեստ կամ էլ թե սակարկելու արվեստ (հավատացեք՝ որոշ երկրներում դա իրոք արվեստ է, իսկ երբեմն էլ պարտադիր պայման):

Ներքին տուր մենեջեր

Ներքին տուր մենեջերի գլխավոր գործառույթն է ներկայացնել երկիրը տեղացիներին. մեր պարագայում՝ Հայաստանը ներկայացնել բնիկ հայերին: Այդ իսկ պատճառով գրագետ հայերենի իմացությունից բացի ցանկալի, բայց պարտադիր չէ օտար լեզվի իմացությունը: Բայց ինչ վերաբերում է քարտեզի և տարածաշրջանի իմացությանը, ապա դա պարտադիր պայման է: Հետաքրքիր է, բայց երբեմն ներքին տուր մենեջերի գործն է′լ ավելի բարդ է լինում, քան ներգնա տուր մենեջերինը, քանի որ երբ արտասհմանցի հյուրն է տարօրինակ հարցեր տալիս, դա ընկալվում է որպես «դե նորմալ է, որ կարող է ու չիմանալ»: Բայց երբ հայն է Հայաստանի մասին տալիս տարօրինակ, երբեմն էլ գերտարօրինակ հարցեր, մնում է միայն գտնել պատասխաններ, որ չեն վիրավորի հյուրին, կթաքցնեն Ձեր զարմանքը, բայց և սպառիչ կլինեն հարցադրումն իրականացնողի համար: Այնպես որ, պետք է մի քիչ էլ հոգեբան լինել:

Ինչ գործառույթներ ունեն տուրիզմի ոլորտի մենեջերները
Ինչ գործառույթներ ունեն տուրիզմի ոլորտի մենեջերները

Արտագնա տուր մենեջեր

Դե ինչ, արտասահմանյան հյուրերին և տեղացիների Հայաստանը ցույց տալուց հետո ժամանակն է նաև, որ Հայաստանի հայերին ցույց տանք աշխարհի այլ երկրները: Եվ այստեղ մեզ օգնության են գալիս արտագնա տուր մենեջերները: Արտասահմանյան գործընկերների հետ նամակագրական և հեռախոսային գրագետ կապի պահպանման համար պարտադիր է օտար լեզվի կամ լեզուների իմացությունը: Լեզուների իմացության պահանջի սկզբունը նույնն է, ինչ որ ներգնա տուր մենեջերինը: Այս ամենին ավելանում են նաև ավիատոմսերի ամրագրման ծրագրերի՝ Amadeus, Gabriel, իմացությունը: Իսկ փաթեթների գրագետ ներկայացմանը շատ են նպաստում ինֆո տուրերը, որոնց ժամանակ առ ժամանակ մասնակցում են արտագնա տուր մենեջերները՝ հնարավորություն ունենալով անձամբ տեսնել առաջարկվող հյուրանոցները և երկրները: Նշենք, որ հոգեբանի ունակությունների առկայությունը բավականին կհեշտացնի Ձեր աշխատանքն այս ոլորտում: