Ինչպես ճիշտ ներկայանալ հարցազրույցի
10.10.19Անկախ նրանից՝ որքան փորձառու կամ, ընդհակառակը, անփորձ եք, հարցազրույցի գնալիս անհրաժեշտ է հաշվի առնել մի պարզ, բայց շատ կարևոր փաստ. մասնագիտական հմտություններից բացի գնահատանքի է արժանանալու նաև այն, թե ինչպես եք ներկայացել հարցազրույցի: Հնարավոր է անգամ չէիք էլ մտածել այն կանոնների մասին, որ գործում են աշխատանքային հարցազրույցների ժամանակ: Իսկ եթե ցանկանում եք ճիշտ ներկայանալ և ներկայացնել Ձեզ որպես հենց այն մասնագետը, ում գործատուն փնտրում է, առաջարկում ենք առաջիկա հինգ րոպեն տրամադրել այս հոդվածին:
Շատերին են հայտնի Կոկո Շանելի խոսքերը. «Դուք առաջին տպավորությունը թողնելու երկրորդ հնարավորություն չեք ունենա»: Այս հանգամանքն անփոփոխ է նաև գործնական հարցազրույցի ժամանակ: Փորձեք լինել կլասիկ գործնական, չեզոք ոճի հանդերձանքով: Եվ այս կանոնը վերաբերում է ոչ միայն հագուստին, այլ նաև դիմա և վարսահարդարմանը, օծանելիքի ընտրությանը: Հատուկ ուշադրություն դարձրեք ձեռքերին: Կանանց խորհուրդ է տրվում հարցազրույցի օրը օգտագործել հանգիստ գույներ, որ համահունչ կլինեն ընդհանուր դասական կերպարին: Հիշեք, որ խնամված ձեռքերը շատ կարևոր են: Անկախ եղանակային պայմաններից Ձեր կոշիկները պետք է իդեալական մաքուր լինեն: Հարցազրույի ընթացքում ոչ մի դեպքում մի մնացեք գլխարկով և բաճկոնով: Չմոռանանք նաև բերանի խոռոչի թարմության մասին:
Խորհուրդ է տրվում հարցազրույցի վայր գալ նշանակված ժամից 10-15 րոպե շուտ, բայց ոչ մի դեպքում չպահանջեք, որ Ձեզ ընդունեն շուտ: Մարդկային ռեսուրսների կառավարման մասնագետների օրը որպես կանոն պլանավորված է ժամ առ ժամ, իսկ Ձեր՝ նշանակված ժամից շուտ հանդիպում պահանջելը կարող է հանգեցնել բացասական տպավորության ձևավորմանը: Իսկ ինչու՞ գալ ավելի շուտ: Հարց է առաջանում: Օգտագործեք այդ ավել րոպեները գրասենյակի նիստ ու կացը դիտորդի աչքերով տեսնելու համար. աշխատակիցների փոխհարաբերությունները, ինտերիերը, մթնոլորտը: Չէ՞ որ ցանկանում եք այդտեղ աշխատել:
Եթե անգամ նախապես ուղարկել եք Ձեր ռեզյումեի էլեկտրոնային տարբերակը, ունեցեք նրա թղթային տարբերակը Ձեզ հետ, երբ գնում եք հարցազրույցի: Եվ անպայման ֆայլով կամ թղթապանակով: Այն ոչ մի դեպքում չպետք է լինի ճմռթված, հետքերով, վատորակ տպված: Այդ պահին ռեզյումեն Ձեր այցեքարտն է: Մի մոռացեք դրա մասին: Ապահովության համար Ձեզ հետ ունեցեք ռեզյումեի թվային տարբերակը:
Եթե ինչ-ինչ պատճառներով չեք կարող ներկայանալ հարցազրույցի, անպայմաn զգուշացրեք հնարավոր գործատուին դրա մասին: Այլապես ամենաքիչը անպատասխանատուի տպավորություն կթողնեք:
Հարցազրույցի ավարտին անպայման շնորհալություն հայտնեք տրամադրված ժամանակի և նրա համար, որ Ձեզ առաջարկվել է հարցազարույցի ներկայանալ: Ճշտեք՝ երբ ակնկալել պատասխան:
Չմոռանանք նաև միմիկայի և ժեստերի մասին: Մի լարվեք, հարցազրույցը զրույց է, պարզապես մասնագիտական հարթակի վրա:
Հաջողություն ենք մաղթում Ձեր բոլոր նախաձեռնություններում: