Ինչպես կազմել գրագետ և գրավիչ ինքնակենսագրական (CV)
04.02.19Շատ հաճախ ցանկալի աշխատանք ձեռք բերելուն խոչընդոտում է գրագետ և գրավիչ ինքնակենսագրական կազմելու և գրավիչ մոտիվացիոն նամակ գրելու վարպետության պակասը: Շարունակելով աշխատանքի դիմելու համար անհրաժեշտ փաստաթղթերի վերաբերյալ թեման՝ այս հոդվածում կխոսենք գրագետ և գրավիչ ինքնակենսագրական գրելու մասին: Նրանք, ովքեր երբևէ չեն առընչվել նման հարցի հետ, կկարողանան մաքսիմալ տեղեկություն քաղել, հետագայում հեշտությամբ նմանատիպ փաստաթուղթ կազմելու համար:
CV-ում ներառվող անհրաժեշտ կետերը
Գրագետ և գրավիչ ինքնակենսագրականը, որը կբարձրացնի Ձեր ցանկալի աշխատանքը շուտ գտնելու հավանականությունը և հնարավորությունը, պետք է պարունակի հետևյալ տեղեկությունները.
- պաշտոնը, որի համար դիմում եք,
- կոնտակտային տվյալներ (հասցե, հեռախոսահամար, էլ. հասցե),
- կրթություն,
- աշխատանքային փորձ,
- մասնագիտացումներ/ Մասնագիտական հմտություններ,
- հավելյալ տեղեկություններ (լեզվի իմացություն, համակարգչային հմտություններ, դասընթացներ և այլն):
CV-ն գրավիչ է, երբ գրված է գրագետ
Ինքնակենսագրականը, որքան էլ որ համատասխանի վերը նշված կետերին, կկորցնի իր գրավչությունը, եթե, նախքան այն գործատուին ուղարկելը, անտեսեք հետևյալ կետերը.
- ստուգեք` արդյոք չունեք քերականական, շարադասական սխալներ/վրիպումներ,
- Ձեր ընտրած ոճը պետք է մնա նույնը ինքնակենսագրականի շարադրման ամբողջ ընթացքում (եթե կիրառել եք որևէ հապավում, ապա ամբողջ տեքստի մեջ կիրառեք այդ բառը հապավման տեսքով),
- պահպանեք տեքստի ընթեռնելի լինելու բոլոր նախադրյալները,
- եթե ինքնակենսագրականի թղթային տարբերակն եք կիրառելու, ապա անպայման այն տպեք սպիտակ թղթի վրա (երբեմն, տարբերվելու նպատակով ներկայանում են սև ֆոնի վրա տպված սպիտակ գույնի տեքստ կամ նմանատիպ մի տարբերակ),
- պոտենցիալ գործատուն կարող է պահանջել Ձեզնից ցանկացած նշված տեղեկության ապացույցը: Գրեք միայն իրական տեղեկություն: Խնայեք և՛ Ձեր, և՛ գործատուի ժամանակը, զերծ մնացեք տհաճ իրավիճակում հայտնվելուց: Միևնույն ժամանակ, մի թերագնահատեք Ձեր ունակությունները,
- յուրաքանչյուր լեզու, որով ներկայացնելու եք ինքնակենսագրականը, ունի կազմման իր պահանջները, որպեսզի համարվի գրագետ և գրավիչ: Այդ իսկ պատճառով կարևոր է նախապես գտնել համապատասխան լեզվով ինքնակենսագրականի օրինակներ և կազմել սեփականը համապատասխանաբար:
Գեղեցիկ դիզայնով CV պատրաստելը հեշտ է
Գրագետ տեքստից պակաս կարևոր չէ ինքնակենսագրականի գրավիչ դիզայնը: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում ինքնակենսագրականի մի քանի գրավիչ դիզայնի տարբերակներ, որոնք կարող եք օգտագործել՝ սեղմելով այստեղ: