Պատմության գիրկն անցած մասնագիտություններ
04.05.19
Գեղարվեստական գրքեր կարդալիս հաճախ ենք բախվում մասնագիտությունների անվանումների, որոնց բնույթը հասկանալու կամ պատկերացնելու համար անհրաժեշտ է լինում դիմել հանրագիտարանի կամ Մեծն Google-ի օգնությանը: Հետաքրքրու՞մ են պատմության գիրկն անցած մասնագիտությունների ծագումը, բնութագիրը և հետաքրքիր փաստերը: Շատ լավ է: Առաջարկում ենք ծանոթանալ դրանցից մի քանիսի հետ:


Կներեք, բայց… Թքող
Ժամանակի ամենահարգարժան և բարձր վարձարվող մասնագիտություններից մեկը: Նրանք ցանում էին շաղգամ: Քանի որ շաղգամի կորիզները շատ մանր են, հնում այն ցանում էին թքելով:
Ծխանամաքրիչ
Հնում այլ էին ոչ միայն մասնագիտությունները, այլև կենցաղում օգտագործվող հարմարանքները: Բուխարին և վառարանները յուրաքանչյուր տան անբաժանելի մասն էին կազմում: Եվ, որպեսզի ծուխը ներս չլցվեր, պարբերաբար ստուգվում և մաքրվում էին ծխնելույզները: Եվ դա անում էին ծխանամաքրիչները:


Զարթուցիչ
Այո, այո: Այն, ինչի ձայնից մենք արթնանում ենք այսօր, նախկինում եղել է ՛՛ով՛՛: Զարթուցիչն այն մարդն էր, ով համապատասխան ժամի արթնացնում էր մարդկանց՝ հատուկ խողովակի միջոցով բարձր ձայն հանելով:
Առնետ որսացող
Տհաճ, թե հաճելի, հարցի հակառակ կողմն է, բայց հարկ ենք համարում նշել, որ մասնագիտությունը ոչ կարևորներից չէր, քանի որ առնետ որսացողները վնասազերծում էին հիվանդություններ տարածող այդ կենդանիներին:


Դիակներ գողացող
Բժշկական համալսարաններում, և ոչ միայն, պրակտիկ դասընթացների և գիտելիքների համար անհրաժեշտ էին իրական մարմիններ, այս պարագայում՝ դիակներ: Իսկ դիակ ձեռք բերելը, առավել ևս ուսուցման համար կիրառելը հնում անօրինական կարող էր համարվել: Այստեղ օգնության էին գալիս դիակ գողացողները, ում միջոցով կարելի էր վերջերս հողին հանձնած մարմին ՛՛ձեռք բերել՛՛:
Ընթերցողներ գործարաններում
Գործարաններում ընթերցողներին ընդունում էին աշխատանքի գործարանում միապաղաղ աշխատանք կատարող բանվորների (և ոչ միայն) համար գիրք, ամսագիր, թերթ կարդալու համար: Դա օգնում էր նրանց աշխատանքն էլ ավելի արդյունավետ դարձնել:


Լալկան կանայք
Հնում թաղման արարողության ընթացում վարձում էին լալկան կանանց, ովքեր ուղեկցում էին հանգուցյալին լացով (հիշենք ՛՛Խաթաբալա՛՛ ֆիլմը): Նրանց լացին, բնականաբար, միանում էին հանգուցյալի հարազատներն ու բարեկամները: